«Այլ հանգամանքներ կան». ինչու է Գեղարքունիքի մարզի դատախազն այցելել հրդեհի վայր

Հրդեհված շինությունը
Դատախազ Ռաֆայել Երիցյանը շեշտեց, որ այն ինչ ֆիքսել է տարածքում, ինքը գիտի ու չի կարող լրագրողներին հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:
«Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք դեպքի վայրում։ Կարող եմ միայն ասել, որ այլ հանգամանքներ կան, իսկ թե ինչ, դա թող մնա հետագային։ Թե տարածքում ինչ ֆիքսեցի, ես իմ մեջ գիտեմ, չեմ կարող ձեզ ասել»,– ասաց Երիցյանը։
Հարցին` արդյոք այլ իրողություննե՞ր են ի հայտ եկել, դատախազը պատասխանեց, որ ուղղակի հնարավոր է` նաև իր մասով առնչություն լինի, այսինքն` ոչ զինվորական։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։