ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր խորին ցավակցությունն է հայտնել Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 երիտասարդ զինվորի մահվան մասին։ Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար։ Ընտանիքներին էլ իմ մխիթարությունն եմ հայտնում։ Վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում։ Թող Աստված պահի մեր հայրենիքն ու հայոց բանակը»,– նշել է Արամ Ա–ն։
Դժբախտ դեպքի առթիվ ցավակցական ուղերձ էր հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։