Թուրքիան արագացված կերպով ենթակառուցվածքներ է պատրաստում «գազային հանգույցի» համար

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հանձնարարել էին մանրամասն մշակել նման հանգույցի ստեղծման հարցը, որի միջոցով, մասնավորապես, կարելի է տեղափոխել գազի մատակարարումները վնասված «Հյուսիսային հոսքերից»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Թուրքիան արագացված կարգով ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում, որոնք անհրաժեշտ են երկիրը միջազգային «գազային հանգույցի» վերածելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիայի թվով երրորդ լողացող ռեգազիֆիկացիոն կայանքը մտել է Միջերկրական ծով։ Լողացող կայանքը կգործարկվի BOTAŞ ընկերության հեղուկացված բնական գազի տերմինալում` Էգեյան ծովի Սարոս ծոցում, Թուրքիայի եվրոպական ափերի մոտ»,-հայտնում է գործակալությունը:
Հաղորդվում է, որ լողացող ռեգազիֆիկացիոն կայանքն անցել է Սուեզի ջրանցքով և այս պահին գտնվում է Եգիպտոսի ջրերում։
«Նավը, որը նախատեսված է 180 հազար խորանարդ մետր հեղուկացված բնական գազ պահելու համար, օրական 28 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարելու հզորություն ունի։ Լողացող կայանքի լայնությունը 48 մետր է, երկարությունը`294 մետր, բարձրությունը`63 մետր»,-մանրամասնում է գործակալությունը։
Իրանից Թուրքիա հասնող գազատարի աշխատանքը դադարեցվել է
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել նման հանգույցի ստեղծման հարցը, որի միջոցով, մասնավորապես, կարելի է տեղափոխել գազի մատակարարումները վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակի ստեղծման, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է, հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: