Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը
Խավիեր Կոլոմինան հանդիպման ընթացքում նշել է, որ ՆԱՏՕ–ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Խավիեր Կոլոմինա Պիրիսը և Նիկոլ Փաշինյանը
«Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ Նա իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։