Microsoft-ը տեղեկացրել է 2023 թվականին 10 հազար աշխատատեղի կրճատման մասին

Միևնույն ժամանակ ընկերությունը կշարունակի աշխատակիցներով համալրել ռազմավարական ուղղությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ամերիկյան Microsoft ընկերությունը ԱՄՆ իշխանությանը տեղեկացրել է, որ մինչև 2023 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակը մտադիր է 10 հազար աշխատատեղ կրճատել։ Համապատասխան փաստաթուղթ է ներկայացվել ԱՄՆ բորսայի և արժեթղթերի հանձնաժողով (SEC)։
«Մենք փոփոխություններ ենք իրականացնում, որոնք 2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում կհանգեցնեն 10 հազար աշխատատեղով մեր ողջ աշխատուժի կրճատման։ Դա համապատասխանում է մեր աշխատակիցների ընդհանուր թվի ավելի քիչ, քան 5%–ին», – ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են` աշխարհի տարբեր մասերում առկա ռեցեսիայի կամ դրա ակնկալման պայմաններում Microsoft–ն ավելի ուժեղ և մրցունակ դարձնելու համար։
Ընկերությունը հայտնել է նաև, որ անկախ կրճատումներից, Microsoft–ը կշարունակի աշխատակիցներով համալրել առանցքային ռազմավարական ուղղությունները։
Ամերիկյան Microsoft Corp ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից։ Ընկերությունը մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման վրա, մասնավորապես Microsoft–ն է ստեղծել Windows օպերացիոն համակարգը։