Լավրովը կասկածներ է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան առաքելություն ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Եվրամիության առաքելությունը Հայաստանում կարող է անարդյունավետ լինել մի շարք պատճառներով: Այս մասին նա հայտարարեել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ պատրաստ է Հայաստան ուղարկել առաքելություն և հավելել, որ հայկական կողմը նախընտրում է երկարատև հիմունքներով պայմանավորվել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ։
«Դա, իհարկե, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է Ադրբեջանի հետ սահմանի մասին, և եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն նա կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել»,– ասել է նա։
Լավրովը վստահ է, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում խնդիրների լուծմանը պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով իրավիճակի ողջ բարդությունը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ հայ գործընկերները հավաստիացրել են, որ ոչ մի անհամապատասխանություն ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ չի լինի:
Նրա խոսքով, Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում ազնիվ և անկեղծ զրույց է տեղի ունեցել ինչպես երկրի ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջև։
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։
Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: