Խաղաղության օրակարգը նիրվանա չէ` այնտեղ էլ կան սպառնալիքներ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, այլ մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ոչ խաղաղության օրակարգը Հայաստանին սպառնալիքներ է բերում, բայց խաղաղության օրակարգն էլ այնպես չէ, որ նիրվանա է, այնտեղ էլ կան սպառնալիքներ։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբեմն ծայրահեղությունից ծայրահեղություն ենք ընկնում` օրակարգերն ու ճշմարտություններն իրար հակադրելով։ Ի հեճուկս Հայաստանում տարածված ընկալումների, ճշմարտությունը մեկ հատ չէ, պարզապես պետք է ընտրենք այն ճշմարտությունը, որն ուզում ենք, որ մերը լինի»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ` մտածողություն ու հարցերի որոշակի դիտանկյուն է։ Բայց այնպես չէ, որ այդ մտածողությունը մենք որդեգրել ենք։
Փաշինյանը նշեց, թե խաղաղության հասնելու ճանապարհին նաև պայքար է պետք, ինչն առաջին հերթին մեր մեջ է գնում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։