Խաղաղապահները Ռուսաստանի Դաշնության ավելի քան 60 քաղաքացու Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ խաղաղապահների զորախումբը։
«Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ՌԴ խաղաղապահները երեկ Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 63 քաղաքացու։ Նրանցից 14-ը երեխաներ են»,– ասված է հաղորդագրությունում։
Ստեփանակերտից ավելի վաղ հայտնել էին, որ Արցախում ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ են մնացել, կառավարությունը ՌԴ խաղաղապահների հետ համատեղ հունվարի 17-ին կազմակերպել է ՌԴ քաղաքացիներից մի մասի վերադարձը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։