Խաղաղապահները հրապարակել են արցախցի երեխաներին Ստեփանակերտ տեղափոխելու կադրերը

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով արցախցի երեխաները մնացել էին Գորիսում։
Sputnik
ՌԴ խաղաղապահները հրապարակել են արցախցի երեխաներին Գորիսից Ստեփանակերտ տեղափոխելու կադրերը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտնել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ավելի քան մեկ ամիս Հայաստանում մնացած 19 արցախցի երեխաներ վերադարձել են Ստեփանակերտ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի տվյալներով՝ Արցախ են վերադարձել 21 անչափահասներ և 6 ուղեկցորդներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։