ՀՀ ԱԳՆ ղեկավարը Արցախի հումանիտար ծանր իրավիճակը ներկայացրել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչին

Խավիեր Կոլոմինա Պիրիսը և Արարատ Միրզոյանը
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը Հարավային Կովկասի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյան
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։
Խավիեր Կոլոմինա Պիրիս
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։