Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար

Շվեդիայի խորհրդարանի շենքը Ստոկհոլմում
Թուրք նախարարի խոսքով` շվեդական կողմը պարտավորվել է Անկարային անվտանգության հարցերում աջակցություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Շվեդիան չի կարող ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում ակնկալել Թուրքիայի աջակցությունը, եթե անտեսի ահաբեկիչների սադրանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Եթե Շվեդիան ուզում է ստանալ Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցով, պետք է կատարի Անկարայի հետ պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները», – Բոզդաղի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ սկանդինավյան երկու երկրները պարտավորվել են աջակցություն ցուցաբերել Անկարային անվտանգության ոլորտում, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև չեղարկել պաշտպանական ոլորտի սահմանափակումները։
Ավելի վաղ Ստոկհոլմում կայացել էր Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համախոհների ակցիան, որի ժամանակ մի շարք վիրավորական արտահայտություններ են հնչել Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի նկատմամբ։ Շվեդիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան ակցիայի հետ կապված բողոք էին ներկայացրել։ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը չեղարկել էր Անկարա շվեդ գործընկերոջ նախատեսված այցը։
ՆԱՏՕ–ն ՌԴ-ի ռազմական ակտիվությանը հետևելու համար AWACS ավիահամակարգեր կտեղափոխի Ռումինիա
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։