Լավրովը Բայրամովին ասել է, որ պետք է շուտափույթ կերպով ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Լաչինի միջանցքը փակ է ավելի քան մեկ ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
«Ռուսական կողմից ընդգծվել է Լաչինի միջանցքով շուտափույթ կերպով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը 2020-ի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել էր։ Ժամեր անց այն վերականգնվեց։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։