Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Երևանի Էրեբունու աշխատակազմի պաշտոնատար անձինք

Կաշառքի հանձնում. Արխիվային լուսանկար
Ընթացակարգի խախտմամբ գովազդային վահանակների տեղադրման փաստը չարձանագրելու համար 2 պաշտոնյա տնտեսվարողներից կաշառք է ուզել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ս.-ն, նույն բաժնի պետ Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի ընթացքում տնտեսվարողներից պարբերաբար կաշառք են ստացել:
«Պարզվել է, որ Էրեբունու ղեկավարի աշխատակազմի հիշյալ պաշտոնատար անձինք նույն վարչական շրջանի տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների կողմից ընթացակարգի խախտմամբ գովազդային վահանակների տեղադրման փաստը չարձանագրելու և դրա համար պատասխանատվության միջոցներ չձեռնարկելու կաշառք են ստացել։ Բացի այդ, գումար են վերցրել նաև բացօթյա առևտրի համար նախատեսված տուրքն ամբողջությամբ չգանձելու դիմաց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Որպես կաշառք տնտեսվարողներից նրանք 320 000 դրամ են ստացել: Կատարվում է նախաքննություն: