ԻՀՊԿ-ն զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը Արաբական ծովում. արխիվային լուսանկար
Զորավարժությունների ընթացքում փորձարկվել են տարբեր դասի թևավոր հրթիռներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում զորավարժություններ են անցկացրել տարբեր դասերի թևավոր հրթիռների փորձարկմամբ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալիրեզա Թանգսիրին։
«Այդ զորավարժություններում իրենց հիանալի դրսևորեցին տարբեր դասերի ծովային թևավոր հրթիռների համալիրը, անօդաչու ռմբակոծիչները և կետային խոցման ռմբակոծիչները՝ միաժամանակ մի քանի թիրախ վերցնելու ունակությամբ, ստորջրյա անօդաչու սարքերի խելացի համակարգերը, ուղղաթիռից հրթիռներով կրակահերթերը, թշնամական նավերի վրա դեսանտայինների հատուկ ստորաբաժանումների իջեցումը», –իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «Tasnim» գործակալությունը:
Նշենք, որ անցյալ տարվա վերջին Իրանը խոշոր զորավարժություններ անցկացրեց երկրի հարավում, որոնց մասնակցում էին հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ցամաքային զորքերի մեքենայացված գնդերը, ՀՕՊ ուժերը, ստորջրյա, վերջրյա նավերն ու ավիացիան։
Զորավարժություններն ուղղված էին բանակային հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների ծրագրման, անցկացման, ղեկավարման և գնահատման հմտությունների կատարելագործմանը: