ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքը պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ մնա, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու փոխադարձ ընդունելի փոխզիջումներ փնտրել ճգնաժամի շուտափույթ լուծման համար, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Ղարաբաղի բնակչությունը չպետք է Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա։ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար: Կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու ընդունելի փոխզիջումներ գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման, հանքերի շահագործման պարամետրերի համաձայնեցման ու էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով», - ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ նախկին խորհրդի հատուկ նիստում:
Լուկաշևիչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։ Այսպես, ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության և ավտոմեքենաների անձնակազմի անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ վերականգնվել է գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ Էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերի համաձայնեցում է իրականացվում։ Ռուսական կողմը շահագրգիռ կողմերի հետ շփումներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներով լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու համար», – ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ կայուն և երկարատև լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներին անշեղորեն հետևելով։
«Ցանկացած սադրիչ գործողություն և հրապարակային հարձակում ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ դիտարկում ենք որպես անթույլատրելի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար վնասակար։ Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում են ունեցել իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հոկտեմբերի 31– ին Սոչիում կայացած գագաթնաժողովում (2022 թվականի- խմբ.)», - ընդգծել է Լուկաշևիչը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել էր։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։