Արգիշտի Քյարամյանի հրամանով 2 քննիչի հեռացրել են աշխատանքից

Քննչական կոմիտե
Քննիչները չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները կամ չեն ներկայացել աշխատանքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով երկու քննիչի նկատմամբ տույժ է կիրառվել` նրանք հեռացվել են աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթով տևական ժամանակ անգործություն է դրսևորել։
«Առանձին վարույթներով նա 45 օրից մինչև ավելի քան 6 ամիս շարունակ չի կատարել քննչական և այլ վարութային գործողություններ, ինչպես նաև չի ապահովել հսկող դատախազի պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել քննության ողջամիտ ժամկետները։ ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս դեպքում էլ մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչն էլ իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր ու չի ներկայացրել գրավոր բացատրություն` անհարգելի բացակությունների վերաբերյալ։ Հետևաբար, տվյալ քննիչը չի կատարել իր պարտականությունները։
Հաշվի առնելով վերոնշյալ խախտումները` Քյարամյանը կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է երկու քննիչի աշխատանքից հեռացնելու միջնորդություններ, որոնք հանձնաժողովը բավարարել է։