ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են։
Մանուկյանը նշեց, թե օրեր առաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե դիրքերը որակապես փոխվել են, ինչը ընդդիմադիրները տեսնելու հնարավորություն ունեն, բայց դրանից հետո ընդդիմադիրները սակավախոս են դարձել։
«Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը, ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել։ Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են։
Մանուկյանը հավելեց, թե Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է հետևի, որ հունվարի 28-ին հայոց զինված ուժերի կազմավորման օրը նշեն, այլ ոչ թե ինչպես արեցին նախորդ տարի` բանակի կազմավորման 30-ամյակը «լղոզեցին» և ոչ մի լավ բան չասացին բանակի համար։