ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելում, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործում. այս և այլ հարցեր քննարկվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ
© Photo : official site of MFA of RA
ԱԳ նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։