ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Սու-27 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել է Գերմանիայի «Օրիոն» հետախուզական ինքնաթիռին, որը փորձում էր մոտենալ ռուսական սահմանին։ Այս մասին հայտնել են պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից (ՌԴ Պաշտպանության նախարարության մաս է կազմում):
Կենտրոնի տվյալներով՝ հունվարի 16-ին Բալթիկ ծովի ավազանի օդային տարածքի վերահսկողության ռուսական միջոցներով հայտնաբերվել է ՌԴ սահմանին մոտեցող օդային թիրախ։ Դրա նույնականացման և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը կանխելու համար Բալթյան նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմից օդ է բարձրացել Սու-27 կործանիչը:
«Ռուսական կործանիչի անձնակազմն օդային թիրախը ճանաչել է որպես Գերմանիայի ՌԾՈւ-ի բազային պարեկային ավիացիայի Р-3С «Օրիոն» ինքնաթիռ և այն ուղեկցել Բալթիկ ծովի ջրատարածքի վերևում։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից օտարերկրյա ռազմական ինքնաթիռի շրջադարձից հետո ռուսական կործանիչը վերադարձել է բազավորման օդակայան։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումներ թույլ չեն տրվել»,-նշել են կենտրոնում:
Այնտեղ հավելել են, որ ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է չեզոք ջրերի օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան՝ առանց օդային մայրուղիների հատման և օտարերկրյա պետության օդանավին վտանգավոր մոտեցման: