ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Պետական գաղտնիքի մասին» օրինագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի ու նկարագրված, օրենքով էլ երաշխավորված անվտանգության տեսակետից։ ՀՀ ազգային ժողովում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ պետական գաղտնիքի հետ կապված իրավակարգավորումները չափազանց կարևոր են, բայց միևնույն ժամանակ շեշտեց` տվյալ նախագիծն անվտանգային տեսանկյունից բավարար ուղղվածություն չունի, որպեսզի ապահովի այդ ամենը։
«Չկա գրված` ի վերջո, անձի կամ որոշակի իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունը տրամադրելն ինչ հիմնավորումներով է ճանաչվում պետական գաղտնիք։ Արդյունքում կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է որակվել որպես պետական գաղտնիք»,– ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի համաձայն` յուրաքանչյուր պաշտոնյա կարող է առաջարկել իր կամ շրջապատի մասին ցանկացած տեղեկություն պետական գաղտնիք համարել։
Մինասյանը նաև անդրադարձ կատարեց այն հարցին, որ պատգամավորներն օրենքի ուժով իրավունք ունեն տիրապետելու պետական գաղտնիքի։ Խմբակցության քարտուղարն ասաց, որ դիմել է ԱԱԾ, որտեղից հայտնել են, որ իրենցից ոչ մեկի պետական գաղտնիքի թույլտվությունը դադարեցված չէ, սակայն մշտապես մերժում են ստանում կառույցից այս կամ այն տեղեկությունը ստանալու համար։
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնող ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդպես են անվանվում բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը, և «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին: Ստացվում է, որ նախագծով ծառայողական գաղտնիքը կհամարվի պետական գաղտնիք։
«Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր։ Նախագծով կանոնակարգվում են նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին վերաբերող հարաբերությունները` սահմանելով, որ այդպիսի տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմով տարրեր։ Ինքնին դրանք չեն բացահայտում պետական գաղտնիքը։ Նախագծի համաձայն` այդ բնույթի տեղեկություն պարունակող տեղեկակիրների վրա կատարվելու է «ծառայողական օգտագործման համար» նշումը և պահպանվելու է առավելագույնը 5 տարի ժամկետով»,– ասաց Հարությունյանը։
Նա անդրադարձավ նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործառույթներին վերաբերող հարցին։ Հարությունյանը նշեց, որ պետական գաղտնիք պարունակող՝ «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում պարտավոր են լինելու սահմանված կարգով տեղեկացնել այդ մասին ԱԱԾ–ին։
Զեկուցողը շեշտեց նաև, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Միաժամանակ վարչական պատասխանատվություն է նախատեսվում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար։