ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ ուրախ է հայտնվել Ռուսաստանի կառավարության կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների տակ։ Նրա խոսքերը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։
Անցյալ շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցչի, որոնց թվում են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` Քլևերլին, ուժային գերատեսչությունների և լրագրողական կորպուսի ներկայացուցիչներ:
«Ես հայտնվել եմ Ռուսաստանի կառավարության պատժամիջոցների տակ։ Լավ։ Եթե դա Ուկրաինայի ազատությանն աջակցելու գինն է, ապա ես ուրախ եմ պատժամիջոցների տակ հայտնվելու համար»,-գրել է նախարարը Twitter-ի իր էջում։
Բացի Քլևերլիից, պատժամիջոցների տակ են հայտնվել գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը, բրիտանական զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ղեկավարության և Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
«Ստոպ-ցուցակում» են հայտնվել նաև տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Մայքլ Գովը և Լանքասթերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը: