ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վարույթի շրջանակում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ոստիկանությունը 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել: Նույն օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:
«Պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանությունը) մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է: