ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ուրոլոգիական հիվանդությունների թիվը Հայաստանում աճել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը։ Նա սակայն հավելեց, որ դեպքերի թվի աճը կապված չէ հիվանդացության թվի աճի հետ։
«Մարդկանց առողջապահական կուլտուրան բարձրացել է, սեփական առողջության նկատմամբ նրանք ավելի ուշադիր են։ Մարդիկ ավելի հաճախ են դիմում բժիշկի, անգամ` առանց գանգատի։ Մարդիկ հասկանում են, որ պետք է հետևել սեփական առողջությանը, դիմում են բժշկի ու սա բերում է նրան, որ հիվանդացություններն արձանագրվում են, թիվը՝ ավելանում»,– ասաց բժիշկ ուրոլոգը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը նշեց, որ Հայաստանում ամենաշատը տարածված են միզաքարային հիվանդությունները երիտասարդների մոտ ու շագանակագեղձի ադենոման՝ 55-ից բարձր տարիք ունեցողների մոտ։
«Ես հորդորում եմ մարդկանց, որ տարեկան մեկ անգամ հետազոտություններ անցնեն, գոնե սոնոգրաֆիա ու մեզի հետազոտություն»,– նշեց բժիշկը։
Ուրոլոգները տեղեկացրեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել Quanta System SpA տեսակի ուրոլոգիական լազերային սարք, որով վիրահատություններ կատարելուց հետո հետվիրահատական շրջանն ավելի կարճ է տևում։
Բժիշկները հավելեցին, որ հունվարի 23-ին և 24-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում սպասվում են վիրահատություններ՝ եվրոպացի մասնագետի ղեկավարությամբ։
«Լեհ ամենահայտնի ու փորձառու մասնագետներից մեկն է գալու Երևան` Մարկ Զավադսկին։ Մենք նրա հետ կկատարենք վիրահատություններ, ու դա նաև արվելու է հայ մասնագետների հմտությունների բարելավման համար»,– նշեց Ռուբեն Հովհաննիսյանը։
Ի դեպ, 10 բուժառու կստանան վիրահատության հնարավորություն 50 տոկոս զեղչով: