ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանում թափանցիկ հետաքննություն անցկացնել Սպիտակ տան սահմաններից դուրս` իր տանը և գրասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը:
«Նախագահ Բայդենը խոստացել էր պատմության մեջ ամենաթափանցիկ վարչակազմն ունենալ, բայց նա հրաժարվում է թափանցիկ լինել այնտեղ, որտեղ դա ամենակարևորն է», - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քոմերը պնդում է, որ Սպիտակ տունը, Ազգային արխիվները և երկրի արդարադատության նախարարությունը «տեղեկատվություն են թաքցնում» Կոնգրեսից և ամերիկացիներից։
Նա ընդգծել է, որ Կոնգրեսը կշարունակի Բայդենի վարչակազմից պատասխաններ և տեղեկատվություն պահանջել՝ կապված հայտնաբերված փաստաթղթերին կողմնակի անձանց հասանելիության հետ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի փորձագիտական կենտրոնում գտնվող Բայդենի գրասենյակում գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Սպիտակ տունը հունվարի 12-ին հայտնել էր, որ Ուիլմինգթոն քաղաքում Բայդենի տանը գաղտնի նյութերի նոր խմբաքանակ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ դրանք պահվում էին ավտոտնակում։
ԶԼՄ–ների տեղեկություններով` գաղտնի փաստաթղթերում եղել են հետախուզության տվյալներ և Ուկրաինայի, Իրանի ու Մեծ Բրիտանիայի մասին ճեպազրույցների նյութեր, որոնք թվագրված են 2013-2016 թթ.։ Բայդենը հայտարարել է, որ գտածո իր համար անակնկալ է եղել, թղթերի բովանդակության մասին էլ ինքը ոչինչ չգիտի։