ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանում նախատեսվում է ընդլայնել օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները։ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Գևորգ Պապոյանը, որը նաև հեղինակն է:
Նա ընդգծեց, որ նախագծով իշխանությունը ջանքեր է գործադրում Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու համար:
«Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպություններն այստեղ ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց եթե մասնաճյուղ է բացում, նշանակում է, որ չունի աշխատանքի թույլտվություն: Տարօրինակ էր օրենքի այդ նորմը: Ստացվում էր, որ խտրական մոտեցում կա»,-ասաց Պապոյանը:
Պատգամավորը նկատեց, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Նա կարևորեց այս մասով քաղաքականությունը վերանայելը՝ հնարավորություն տալով օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ նշեց, որ կառավարությունը կողմ է ներկայացված փոփոխությանը, սակայն դիտարկվում է խնդիրը, որպեսզի պրակտիկայում համապատասխանեցվեն օրենսդրական կարգավորումները։
Նշենք, որ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբից։
Ղազարյանը շեշտեց, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում թե ներկայացուցչությունները, թե մասնաճյուղերը գրանցվում են «առանձնացված ստորաբաժանում» ենթավերնագրի տակ։ Դրանց համար կիրառվել է օտարերկրացիների մասին համապատասխան դրույթ` նույնական կերպով։
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն ասաց, որ 2022 թվականին եղել է 27 ընկերություն, որոնք այդ դրույթի տակ ներգրավել են օտարերկրացի աշխատողների։ Նրանք եղել են 120–ը։