Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը

Էլեկտրամոբիլիցների լիցքավորման կետ
Լիցքակայանները զուտ տեխնիկապես են էլեկտրաէներգիա վաճառում, ուստի էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես էլեկտրակայանները կամ էլ էլեկտրաէներգիա մատակարարողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը` ներկայացնելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նա ընդգծեց, որ լիցքավորման կետերը էլեկտրաէներգիա են վաճառում, ուստի խիստ տեխնիկական տեսանկյունից պետք է համապատասխան լիցենզիա ստանան, իսկ այդ կարգը բավականին բարդ է։ Փոխնախարարը շեշտեց, որ այս պարագայում պետք է նաև հասկանալ, որ վաճառվում է ոչ թե էլեկտրաէներգիան, այլ լիցքավորման ծառայությունը։
«Ուստի էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես, ասենք, էլեկտրակայանները կամ էլ էլեկտրաէներգիա մատակարարողները։ Այսպիսով` էլեկտրաէներգիայի կետերի համար բացառություն կարվի։ Նման թույլատրող ընթացակարգեր նրանց պետք չեն լինի»,– ասաց Վարդանյանը։
Նշենք, որ Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրամոբիլների լիցքավորման մի քանի տասնյակ կետ կա։
Մեծ քվոտա, փոքր շուկա. ինչո՞ւ է Հայաստանը նախատեսվածից քիչ էլեկտրամոբիլներ ներկրել