Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS ՀԿՌՀ–ով առավոտյան հրթիռային հարված է հասցրել Դոնեցկի Կալինինսկի շրջանին։
«Հրթիռն ընկել է Իլյիչի պողոտայում գտնվող «Ավոսկա» սուպերմարկետի, բնակելի տան և դեղատան վրա», – Telegram–ի իր ալիքում գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Առնվազն երկու մարդ է զոհվել, չորսը` տուժել են։ Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ փլուզված շենքում մարդիկ կային, որոնք այժմ ենթադրաբար փլատակների տակ են մնացել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 325-րդ օրը։