Թբիլիսիում վերելակի անսարքության պատճառով հայ ամուսիններ են զոհվել

Վերելակի հորան. Արխիվային լուսանկար
Բնակիչները տեղի ունեցածի համար մեղադրում են քաղաքային իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Թբիլիսիի Վազիսուբանի բնակելի թաղամասում տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինը իջել է նրան օգնելու, սակայն այդ պահին վերելակն աշխատել է, ինչի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Վրացական «Ռեզոնանսդեյլի» պարբերականը գրում է, որ մահացածները 36-ամյա Արման Սարկիսովն ու 32-ամյա Արմինե Ոսկանյանն են։ Ողբերգությունը տեղի է ունեցել նրանց 4-ամյա որդու աչքի առաջ, հունվարի 14-ին։

Միջադեպից ընդամենը 5 օր առաջ Սարկիսովը սոցցանցում կիսվել էր Թբիլիսիում մեկ այլ վերելակի ընկնելու հետևանքով տուժածների մասին լուրով։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ` շինարարական կամ այլ աշխատանքների անցկացման կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան։
Բնակիչները տեղի ունեցածի համար մեղադրում են քաղաքային իշխանություններին։ Նրանց խոսքով ՝ վերելակի շահագործման ժամկետը վաղուց անցել էր, այն վթարային է եղել։ Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ իրենց ոչ ոք չի դիմել վերելակը վերանորոգելու խնդրանքով: