Մեր երկրի շուրջ առաջացող խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը։
Sputnik
Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի խնդրին. ընդգծվել է միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:
«Շատ կարևոր է ընդգծել՝ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ մենք մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ առաջացող և գոյություն ունեցող բոլոր խնդիրների արձագանքը տեսնում ենք Ֆրանսիայում, հատկապես Ֆրանսիայի խորհրդարանական պալատներում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և մեր խորհրդարանական գործընկերներին այդպիսի քաղաքական կամքի համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը. նշվել է, որ առաջիկայում կսկսի գործել Մարսել-Երևան ավիաչվերթը, ինչը կնպաստի տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացմանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ֆրանսիական պատվիրակությունը հյուրընկալվել էին նաև Զինվորի տանը։