ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. 54 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի, երգահան Լիզա Մերի Փրեսլին, որը ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի միակ երեխան էր, Մայքլ Ջեքսոնի առաջին կինը: Տեղեկությունը հայտնում է «People»-ը։
Փրեսլիին հիվանդանոց են տեղափոխել երեկ առավոտյան, երբ նա սրտի կանգ է գրանցվել։ Բժիշկները ստիպված են եղել 54-ամյա երգչուհուն ադրենալին ներարկել և սրտի անուղղակի մերսում կատարել զարկերակը վերականգնելու համար։ Ավելի ուշ նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք և արհեստական կոմայի մեջ գցել։
Լիզա Մարիի մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին, հաստատել է, որ դուստրը մահացել է։ «Մեծ ցավով ստիպված եմ հայտնել սարսափելի լուրը, որ իմ չքնաղ դուստրը՝ Լիզա Մարին, լքել է մեզ»,-ասել է նա։ Դստեր մահվան պատճառը Պրիսցիլա Փրեսլին չի հայտնել։
Լիզա Մարի Փրեսլին ծնվել է 1968 թվականին Մեմֆիսում և իր հոր ունեցվածքի միակ ժառանգորդն է դարձել ինը տարեկանում՝ Էլվիսի անսպասելի մահից հետո։
2003 թվականին թողարկել է իր առաջին սոլո ալբոմը՝ «To Whom It May Concern»-ը, որը վաճառվել է մի քանի հարյուր հազար օրինակով։ 2005 թվականին թողարկվել է նրա երկրորդ ալբոմը՝ «Now What»-ը, իսկ 2012 թվականին՝ երրորդ և վերջին «Storm and Grace»-ը։
Լիզա Մարի Փրեսլին չորս անգամ ամուսնացած է եղել։
1994-ին ամուսնացել է երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ, դա տեղի է ունեցել առաջին ամուսնու՝ երգիչ Դենի Քեոգի հետ ամուսնալուծությունից ընդամենը 20 օր անց: 1996-ին, երբ Ջեքսոնը պայքարում էր երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքների դեմ, նրանք ամուսնալուծվեցին։
2002 թվականին ամուսնացել է դերասան Նիկոլաս Քեյջի հետ, որն իր հոր մեծ երկրպագուն էր։ Բայց Քեյջը ամուսնալուծության հայց է ներկայացրել հարսանիքից ընդամենը չորս ամիս անց:
Լիզա Մարի Փրեսլիի չորրորդ ամուսնությունը՝ իր կիթառահար և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Լոքվուդի հետ, ամուսնալուծությամբ ավարտվեց 2021 թվականին։
Նա երեք երեխա ուներ, որոնցից մեկը (Բենջամին Քեոգը) ինքնասպան է եղել 2020 թվականին։
Վերջին անգամ Լիզա Մարի Փրեսլին հասարակության մեջ էր հայտնվել երեքշաբթի օրը Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։
Այդ ժամանակ նա մոր հետ արցունքներն աչքերին հետևում էր, թե ինչպես է իր հորը մարմնավորած Օսթին Բաթլերը ստանում Բազ Լուրմանի «Էլվիս» ֆիլմում «Տղամարդու լավագույն դերի համար» մրցանակը։