Հաագայի դատարանը հունվարի 30–ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի

Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
Փաստաթղթերի համաձայն` Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։
Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։
Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի համաձայն` Հայաստանը ՄԱԿ–ի միջազգային դատարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող և 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։
Եվրոպական խորհրդարանում ԼՂ–ի մարդասիրական իրավիճակի հարցով բանավեճ կլինի
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը պատասխան հայց է ներկայացրել, որում պնդում է, որ Հայաստանը ադրբեջանցիների նկատմամբ մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում կատարել նրանց ազգային և էթնիկ պատկանելիության հիման վրա։