6 ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը. ՊԵԿ

ՊԵԿ–ն արտահանում ու ներմուծում իրականացնողներին հորդորում է նախապես կազմակերպել փաստաթղթային ձևակերպումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի մեկից սկսած ուժի մեջ է մտել որոշումը, որով 6 ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին սահմանվել է համապատասխան ցանկը։
Այդ ցուցակում են, օրինակ, այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյումինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց արդեն չեն օգտագործվում), բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը։ Հին ջերմաչափերը, բնականաբար, բնակչությունից չեն հավաքելու, սակայն դեղատներում կդադարեն վաճառել դրանք։
Նշենք, որ որոշման դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը Հայաստանի Հանրապետություն կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։
Կոմիտեն ԱՏԳ իրականացնողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով նախապես ապահովել այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը։
Հիշեցնենք` համապատասխան օրինագիծը ՀՀ ԱԺ–ն հաստատել է 2022–ի դեկտեմբերին։
Օրինագիծն ընդունվել է Մինամատայի սնդիկի մասին կոնվենցիայի հիման վրա, որին միացել է Հայաստանը: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար։
Կոնվենցիան ընդունվել է Ճապոնիայի Մինամատա քաղաքում, քանի որ այնտեղ 1950-ականների սկզբին սնդիկով զանգվածային թունավորումներ էին գրանցվել։ Քաղաքում գտնվող պարարտանյութերի գործարանը քիմիական ռեակցիաների համար սնդիկային կատալիզատորներ էր օգտագործում, ինչից հետո սնդիկը ծովն էր նետում։ Այնտեղ սնդիկը շատ վտանգավոր միացություններ էր ստեղծում, որոնք ազդում էին մարդկանց և կենդանիների նյարդային համակարգի վրա։