ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ-վրացական սահմանի հատման պարզեցումը երկու երկրների քաղաքացիներին էլ ավելի կմերձեցնի և կամրապնդի միջանձնային փոխգործակցությունը։
Այս մասին Երևանում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշլին, հաղորդում է վրացական «Պիրվելի արխի» (Առաջին ալիք) հանրային հեռուստաալիքը։
Ավելի վաղ Երևանում, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական սահմանը կարող են հատել էլեկտրոնային եղանակով։
«Հանձնաժողովը կարևոր հարթակ է, որը մի կողմից, հնարավորություն է տալիս գնահատել երկրների միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ապագայի պլաններ նախանշել փոխգործակցության ամրապնդման համար»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով` հանձնաժողովներն օգնում են համապատասխան գերատեսչություններին էլ ավելի մեծ արդյունավետություն գրանցել։
Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին իր հերթին մատնանշել է զբոսաշրջային հոսքի աճն ու դինամիկան։
Նա ընդգծել է այն հնարավորությունները, որ Վրաստանն ունի Եվրոպայից էլեկտրաէներգիայի տարանցման և վաճառքի առումով։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն: