Քաղաքացիներին նյութապես շահագրգռել են, որ հանրահավաքի մասնակցեն. ՔԿ-ն` ՀՅԴ-ականների մասին

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ՀՅԴ-ականների տներում խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան» դաշինք գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի անդամները հանրահավաքներին մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով նյութապես շահագրգռել են այլ քաղաքացիների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Նշվում է, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ:
Հայտնել էինք, որ իրավապահները երեկ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ–ականների տներում։
Երեք ՀՅԴ–ական բերման են ենթարկվել, ևս երկուսը վկայի կարգավիճակ ունեն. Վարդանյան
ՔԿ-ն մանրամասնում է, որ ՀՀ ոստիկանությունը լրատվամիջոցներից մեկի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ հարուցել է քրեական գործ: Մասնավորապես` 2022 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ դատարանի համապատասխան որոշման հիման վրա այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ բնակարաններում 2023թ․ հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև քննչական և վարութային այլ գործողություններ։
«Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Իշխանությունը նախապատրաստում է ազգակործան հերթական քայլին. ՀՅԴ հայտարարությունը
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։
Հիշեցնենք՝ երեկ իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: