Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։
Լյուքսեմբուրգի ԱԳՆ մամուլի ծառայությունը Twitter-ում հայտնում է, որ Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակը և հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
«Կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է եռակողմ հայտարարության համաձայն կատարի իր պարտավորությունները Լաչինի միջանցքով բեռների և ուղևորների հոսքը վերականգնելու համար:
Բացի այդ, Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ իրավիճակի կայունացման նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելություն տեղակայվի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։