ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Գալստյանի մոտ խրոնիկ հիվանդությունները շարունակաբար գլուխ են բարձրացնում, և այս պահին էլ որոշ սրացումներ կան։ Նրա ինքնազգացողությունը վատ է, ինչի համար էլ դիմել ենք, որպեսզի նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով», այժմ նա գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: