Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում. Փաշինյանը՝ անվտանգային և քաղաքական հարցերի մասին

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են երկրների միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերում Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում։ Այսօր Երևանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականից մինչև օրս միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Սա նշանակում է, որ կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը»,– ասել է ՀՀ վարչապետը:
Նա վստահություն է հայտնել, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:
Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 70%-ով
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն: