Երևանում տեղի ունեցած սպանության վարույթի շրջանակում կալանավորվել է 18-ամյա մի երիտասարդ

Կալանավորում. Արխիվային լուսանկար
Երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` խուլիգանություն և սպանություն հոդվածների հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու և խուլիգանության վերաբերյալ վարույթի շրջանակում կալանավորվել է 18-ամյա մի երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երիտասարդը Երևան քաղաքի բնակիչ է, 2004 թ–ի ծնված։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 3-ին Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցում մի խումբ երիտասարդների կողմից հայհոյախառն արտահայտություն կատարելու համար վերոնշյալ 18-ամյա երիտասարդը դիտողություն է արել վերջիններիս, որից հետո ծեծկռտուք է սկսվել»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշյալ հարցի պարզաբանման համար, 2023 թվականի հունվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, 18-ամյա երիտասարդն իր ընկերների հետ հանդիպել է նշված երիտասարդներին, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցնելով նրանցից մեկին ապօրինաբար զրկել է կյանքից, իսկ 3-ին պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Երևանի 18-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանությունը) մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: