ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախում կան երեխաներ, որոնք տարբեր հիվանդություններ ունեն. նրանք պարբերաբար ՀՀ էին մեկնում և ստանում համապատասխան բուժօգնություն։ «Արցախ: Շրջափակման մեկ ամիս»՝ Ստեփանակերտ-Երևան տեսակամրջի ժամանակ այսօր հայտնեց Ստեփանակերտի հանրապետական ԲԿ–ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Կան երեխաներ, որոնք պարբերաբար գնում էին ՀՀ և բուժօգնություն ստանում։ 93 երեխա ունեն բրոնխիալ ասթմա, 66 երեխա` պարբերական հիվանդություններ, 88 երեխա` էպիլեպսիա, 16 երեխա` շաքարային դիաբետ, իսկ 847 երեխա էլ սրտի բնածին արատ ունի։ 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո այս երեխաները զրկված են ՀՀ մեկնելուց»,–ասաց Մուսայելյանը։
Նա հայտնեց, որ 10-ից ավելի բժիշկներ են մեկնել ՀՀ և բլոկադայի պատճառով չեն կարողանում հետ վերադառնալ, ու դա կադրային խնդիրներ է առաջացնում։
Միաժամանակ, Արցախի ԱԺ պատգամավոր, 4 երեխաների մայր Էլեոնորա Ավանեսյանն էլ իր հերթին հայտնեց` կիսված ընտանիքներում եղել են դեպքեր, երբ երեխան խռովել է ծնողից և դադարել նրա հետ խոսել։ Նրա խոսքով` իրականում սա բավականին լուրջ խնդիր է և ծանր հետևանքներ կունենա։ Ավանեսյանը նշեց, որ երեխաների մետ հուսալքություն կա և չգիտեն` երբ կհանդիպեն իրար։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։