Անմիտ քաղաքականություն. Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Արցախին ուղղված կոչը

Սերժ Սարգսյան
Երրորդ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց, նրա դիտարկմամբ, մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախի հարցում ՀՀ իշխանությունը ոչ թե վախվորած, այլ անմիտ քաղաքականություն է վարում։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այս բնորոշումն է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ղեկավարությունը չպիտի այնպիսի հայտարարություններ անի, որոնք ավելի կսրեն իրավիճակը, և պետք է բանակցի Ադրբեջանի հետ։
«Համենայն դեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ են իրենց որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են։ Բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավորն են։ Տեսնենք՝ ինչպես են զարգանում դեպքերը»,- ասել է Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղի իշխանությանն ու ժողովրդին կոչ արեց խուսափել քաղաքական հայտարարություններից։
Նա նաև նշեց, որ ԼՂ–ի իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։
Մինչ այդ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարություն էր ընդունվել, որում ասվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: