506 արցախցի չեն կարողանում տուն վերադառնալ. ՀՀ կառավարությունը գումար տրամադրեց

ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարության տվյալներով՝ Երևանի 3 հյուրանոցում ներկա պահին բնակվում է 100, իսկ Գորիսի 14 հյուրանոցներում` 406 քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիներ զրկված են իրենց տուն վերադառնալու իրավունքից։ Թվային տվյալները հրապարակված են ՀՀ կառավարության կայքում, արցախցիների կեցության ծախսերը փոխհատուցելու մասին որոշման նախագծում։
Դրա համաձայն՝ ՀՀ–ում մնացած 506 արցախցիների կեցությունն ու սնունդը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Երևանի քաղաքապետարանին հատկացնել 18 650 000 դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 96 200 900։
2022թ–ի դեկտեմբերի 12-ից Արցախի քաղաքացիները չեն կարողանում ՀՀ–ից ԼՂ մեկնել և ստիպված դիմել են ՀՀ–ի և ԼՂՀ–ի օպերատիվ շտաբներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր` կեցության խնդրով։
Պետական կառույցների միջամտությամբ նրանք տեղավորել են Երևանի ու Սյունիքի մարզի տարբեր հյուրանոցներում։
ՀՀ կառավարության տվյալներով՝ Երևանի 3 հյուրանոցում ներկա պահին բնակվում է 100, իսկ Գորիսի 14 հյուրանոցներում` 406 քաղաքացի։
Հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքը մինչև հունվարի 9-ը կազմել է 142 011 500 դրամ, որից Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 160 600–ը` 9 387 600–ը ՀՀ պետական բյուջեից, 17 773 000 դրամը՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներից:
Հյուրանոցներին վճարման ենթակա մնացորդային գումարը հունվարի 9-ի դրությամբ կազմում է 114 850 900 ՀՀ դրամ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։