Զոհվածների ընտանիքների անդամների երաշխիքների հարցի քննությունը հետաձգվեց 2 ամսով

Գեղամ Նազարյանը հայտնեց, որ 2 ամիս հետո նախագիծը կրկին կներկայացնեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության առաջարկած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց։ Նման որոշում կայացվեց այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Զոհված զինծառայողի ընտանիքը կստանա իր հասանելիք փոխհատուցումը. հարցը լուծվել է
Նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը հայտնեց, որ առաջարկում են 2 ամսով հետաձգել նախագծի քննարկումը, որպեսզի այն լրամշակեն։
«Այս նախագիծն իրոք կարևոր է։ Մեր կարծիքով` այն պետք է ընդունվի հնարավորինս շուտ։ Օրենքի անհրաժեշտությունն իրոք կա, և սա ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար է, այլ անհրաժեշտություն է զոհված զինծառայողների ընտանիքների համար»,–ասաց Նազարյանը։
Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին։
Հիշեցնենք` Նազարյանն այսօր հայտնել էր` պաշտպանության հանձնաժողովից դուրս է գալիս, քանի որ վիրավորված է կառավարության վերաբերմունքից վերոհիշյալ նախագծի առնչությամբ։ Նազարյանը պետաիրավական հանձնաժողովի անդամ կդառնա։
Չնայած այդ հանգամանքին, երկու ամիս հետո պաշտպանության հանձնաժողովում դարձյալ Գեղամ Նազարյանը կներկայացնի զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների հարցը։