ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օբյեկտներին Իրաքի Դահուք նահանգում։ Տեղեկությունը հայտնում է SHAFAQ News պորտալը՝ հղում անելով ինքնավարության վարչակազմում իր աղբյուրին։
Նշվում է, որ թուրքական հարձակման թիրախ են դարձել նահանգի հյուսիսում գտնվող շրջանները։ Հնարավոր զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին լրատվամիջոցը հայտնել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարված են հասցրել ՔԱԿ-ի օբյեկտներին Դահուք նահանգից դեպի հյուսիս տեղակայված քրդական ինքնավարության շրջաններում։
2020 թվականի նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն էր իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում, որին մասնակցել էին ավելի քան 50 ինքնաթիռ և 20 ԱԹՍ։ Հարվածները հասցվել էին Անկարայի կողմից արգելված ՔԱԿ-ի տեղակայման վայրերին։