Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Սևանա լճի մակարդակի փոփոխությունների տվյալները: Հունվարի 8-ի դրությամբ գրանցվել է հերթական նվազումը (1 սմ-ով)։ Այսպիսով՝ լճի մակարդակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 սմ-ով։
2022 թվականի մարտից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր նիշին էր հասել հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետներն այն ժամանակ փոփոխությունները բացատրում էին ջրի մեծ բացթողումների բացակայությամբ և Արփա-Սևան ջրատարի գործարկմամբ։ Սակայն ոռոգման նպատակով ջրառից ու կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը կրկին սկսեց իջնել։ 2022 թվականի արդյունքներով ամենացածր մակարդակը գրանցվեց դեկտեմբերին՝ 1900.29 մետր։
Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։
Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած՝ լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017թ.-ին ու շարունակվում է մինչև այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։
Վերջին երկու տարում լճի մակարդակն ամենաբարձր մակարդակին հասել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր։