Բորբոս, միջատներ, կեղտի կուտակում. ՍԱՏՄ–ն Երևանում ռեստորանի գործունեություն է կասեցրել

Ընկերությանը ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երևանում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Աշոտ Մուրադյանին պատկանող «Այգի» ռեստորանի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՍԱՏՄ տեսուչները ստուգումների ընթացքում պարզել են, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Նշվում է, որ արտադրական տարածքում եղել է կեղտի կուտակում, բացառված չի եղել թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, բորբոսի առաջացումը մակերեսներին, միջատների ներթափանցումը, պատերը նորոգ վիճակում չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից և հեշտ լվացվող չեն։
Ռեստորանում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերն էլ չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում։
Հանրային սննդի օբյեկտում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման տարածք կանխելու ուղղությամբ, աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ:
Շիրակում կասեցվել է երկու դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի սեփականատիրոջ համար սահմանվել է ժամկետ, որպեսզի խախտումները վերացվեն: