Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին` ՔԿ քննիչի որոշումը»,–նշեց Խուդոյանը։
Հիշեցնենք, որ 2022–ի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
2021-ի փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Նա նշում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել` «սա կջրենք», «նա կջրենք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե նման բաներ ասելով` «կուտ է տվել»։
2022–ի հունիսի 23-ին հայտնի դարձավ` Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական ներկայացրեց։
2022 թվականի դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը։