Փաշինյանի հարազատների մի մասը 2018–ի հեղափոխությունից հետո հեռացել է ՀՀ–ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների բիզնեսներին վերաբերող հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից ոմանք 2018թ.-ի հեղափոխությունից հետո հեռացել են Հայաստանից, որպեսզի նրանց չմեղադրեն այս կամ այն գործում վարչապետի հետ որևէ կապ ունենալու մեջ։

«Պատգամավոր լինեին` ասելու էին` բերեց, դարձրեց պատգամավոր, գործարար լինեին` ասելու էին` բիզնեսով են զբաղվում, գործազուրկ լինեին` ասելու էին` անբան են»,– նշեց վարչապետն ու հավելեց, որ եթե անգամ որոշ պաշտոնյաների հարազատներ բանվոր աշխատեն, միևնույնն է` բոլորը կասեն, որ դա միայն ցուցամոլության համար է արվում։

Վարչապետը վստահեցրեց, որ մամուլում չկա բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների բիզնեսներին վերաբերող մի հրապարակում, որ իրավապահ մարմինների ուշադրությանը չարժանանա։
Ինչ-որ տեղ ծվարած են գույքերը, թվերը, մարդիկ. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
«Բացառված է, որ լինի կոմպրոմիս, որ որևէ տեղ կոռուպցիոն դրսևորում լինի, որ ապօրինություն լինի, ու մեր համակարգը դրան չարձագանքի։ Բացառված է դա»,– ասաց նա։
Արձագանքելով լրագրողի մեջբերած կոնկրետ դեպքերին` վարչապետն ասաց.
«Դուք ասում եք` Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է հաղթել ասֆալտապատման տենդերները, բայց նա այդ ընկերությունում տնօրեն է։ Նա իրավունք ունի որևէ տեղ աշխատելու։ Հիմա ես ձեզ նույն կերպ կարող եմ ասել, որ Հայաստանի ընդդիմության առաջնորդի ընտանիքի անդամներից մեկին պատկանող ընկերությունը Հայաստանում ամենաշատ տենդերներն է շահում, և մենք դեմ չենք դրան։ Մենք միայն դեմ ենք, որ քաղաքական սրացումների ժամանակ շինարարությունը դադարեցնում են, որ սաբոտաժի էլեմենտներ ստեծեն»,– ասաց վարչապետը։
Նա վստահեցրեց, որ եթե որևէ ընկերություն ցանկանա մասնակցել որևէ մրցույթի, ապա անարգել կարող է դա անել։
«Մենք խնդրում ենք, որ մարդիկ գան ու մրցույթների մասնակցեն, դուք ընկերություն գիտե՞ք, որ ուզում է գա, մասնակցի ու չի կարողանում։ Ասում եք` կանեփի արտադրության գործում Տիգրան Ավինյանն է ներգրավված, դուք գիտե՞ք ուրիշ ընկերություն, որ ուզում է արտադրել ու չի կարողանում»,– հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչու է ձախողվել գիշերային տեսողության սարքերի տենդերը. սկանդալային բացահայտում
Նա վստահեցրեց, որ ոչ մի կոռուպցիոն ռիսկ կամ ապօրինի գործունեություն անպատիժ չի մնում, իսկ միայն իշխանության հետ կապ ունենալու համար մարդկանց իրավունքները ոտնահարելը, ըստ նրա, անարդար է։