Միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս. Փաշինյանը` նշաձողի մասին

ՀՀ վարչապետը հայտարարեց` Հայաստանը չէ, որ պետք է որոշի ԼՂ–ի հարցը, այլ Արցախի ժողովուրդը պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով նախկինում իր արած հայտարարությունը ԼՂ–ի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողն իջեցնելու վերաբերյալ միջազգային ճնշումների մասին։
«Կարգավիճակի հետ կապված խնդրի վերաբերյալ, երբ եղան նաև ՌԴ–ի հրապարակային պարզաբանումները, և մենք ասացինք, որ դա մեծ հաշվով ընդունելի է մեզ համար, կարծում եմ` պատկերն ամբողջացավ։ Փաստն այն է, որ այսօր էլ և երեկ էլ ամբողջ Միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Փաստն այն է, որ մենք գուցե նաև այնքան պրագմատիկ չենք գտնվել, և մեզ թվացել է, թե ՄԱԿ–ի ԱԽ–ի 4 բանաձևերն ուղղակի թղթի վրա գրված տեքստեր են, որոնք մենք կարող ենք նաև չնկատելու տալ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ անկախության հռչակագրում հղում է արված ՀԽՍՀ–իև ԼՂԻՄ–ի վերամիավորման մասին` ԳԽ–ի և ԱԽ–ի համատեղ որոշմանը։
Դրանից 1 տարի անց Արցախում տեղի է ունեցել Անկախության հանրաքվե, որից հետո բանակցություններն ընթացել են այդ ուղղույամբ մինչև 2007թ–ը, երբ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանն ընդունել է, որ ԼՂ–ի կարգավիճակը պետք է ճշգրտվի հետագայում տեղի ունենալիք հանրաքվեով։ Ըստ Փաշինյանի` այսօր միջզգային հանրության ընկալումը այս ամենի հետևանքն է։
«Մենք աշխարհից կտրված չենք, այս համատեքստում ենք ապրում, ու այս համատեքստը պետք է հաշվի առնենք։ Եվ այս առումով է, որ մեր դիրքորոշումն այսօր այսպիսին է, և Լաչինի միջանցքի հետ կապված ես ասել եմ և այսօր էլ ուզում եմ կրկնել, որ մեր խնդիրն է աջակցել, որպեսզի ԼՂ ժողովուրդը, ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ–ում, շարունակի մնալ հայ, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ պետք է որոշի ԼՂ–ի հարցը, այլ Արցախի ժողովուրդը պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանության հետ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: