ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2023-2024 ուսումնական տարվանից մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
«Արդեն հաջորդ տարվանից ծրագիրը ներդրվելու է Հայաստանի բոլոր մարզերում, և մենք ռեսուրսների կարիք ենք ունենալու: Պատրաստ ենք օգտագործել ձեր ռեսուրսը նաև որպես հրահանգիչներ, ինչպես նաև քննարկել համագործակցային ծրագրերի նոր ձևաչափեր»,- ասել է Սվաջյանը:
Ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցականների համար:
10-օրյա ռազմամարզական ճամբարը կազմակերպվել է 2022 թվականի ամռանը Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների աշակերտները:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն իր հերթին նշել է, որ հիմնական մոտեցումն այն է, որ առարկան լսարանային պարապմունքներից դուրս է բերվել՝ համակցելով գործնական պարապմունքների փուլին: Առարկայի ծրագրում ավելացվել են լեռնային պատրաստության և հոգեբանական պատրաստության բաղադրիչները, որոնք առաջնային նշանակություն ունեն:
«Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ նախ, որ դպրոցն ավարտելիս բանակային միջավայրում ապրելով՝ մեր պատանիներն իրենց կարողանան ճիշտ դրսևորել, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակներում, պատերազմների ժամանակ երեխաները հոգեբանորեն պատրաստված լինեն»,- ասել է Կարապետյանը:
Նշենք, որ ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ` զարգացնելով գործնական հմտությունները:
Հանդիպմանը քննարկվել է նաև ռազմամարզական ճամբարներում ազգային երգ ու պարի, այդ թվում ռազմապարերի ուսուցման հարցը, որը կիրականացվի ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ: