ՌԱԴԻՈ

Իշխանությունը ձգտում է ավելի ամրապնդել իր միակ հենարան ուժային կառույցները. Համբարձումյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ–մայոր Գագիկ Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՆԳ նախարարության ստեղծմանն ու ոստիկանության համակարգում կադրային նշանակումներին։
Sputnik
Գործող իշխանությունը ոստիկանության առջև ոչ թե պետականամետ խնդիրներ է դնում, այլ ձգտում է ավելի ամրապնդել իր միակ և բացառիկ հենարան ուժային կառույցները՝ դա որպես բարեփոխումներ ներկայացնելով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեց ՀՀ ներքին գործերի նախարար, Արամ Հովհաննիսյանը՝ ոստիկանապետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, իսկ նախկին փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն- ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Եթե ոստիկանական համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, ապա ոստիկանությունն իր գործառություններն ամեն դեպքում կկատարի, անկախ նրանից` առանձի՞ն կառույց է, թե՞ ՆԳ նախարարություն։ Հանրային կամ խորհրդարանական վերահսկողություն հաստատելու փաստարկը սին է։ Սա որևէ բարելավման, կատարելագործման, արդյունավետության բարձրացման նպատակ չի հետապնդում»,– նշեց նախկին փոխոստիկանապետը։
Համբարձումյանի դիտարկմամբ` այժմ հանցավորության դեմ պայքարը խայտառակ վիճակում է, իսկ վաղն ավելի վատ է լինելու։ Ըստ նրա` ոստիկանությունը ներքաշվելու է քաղաքական խաղերի մեջ` ծառայելով քաղաքական նպատակների իրականացմանը։ Ոստիկանության գեներալ–մայորը տվյալ համակարգում իրականացված փոփոխությունները բաժանում է երկու մասի` 2018 թվականի հայտնի իրադարձություններից առաջ և հետո։
«Նախկինում էլ կատարվել են բարեփոխումներ, գուցե դրանցից որոշները այնքան էլ հաջող չեն եղել ու լավ չեն հաշվարկվել, բայց համակարգը լավացնելու միտումն անկեղծ էր, իսկ 2018 թվականից հետո տեղի ունեցող փոփոխություններն ի սկզբանե միտված են արատավոր նպատակների իրականացմանը։ Ներկա բարեփոխումները որքան էլ գրագետ են ձևակերպված, նույնքան էլ վտանգներ են պարունակում, որովհետև չի դրվում պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծելու նպատակ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով` մի քանի գերատեսչություն միացնում են և կատարում օպտիմալիզացիա, բայց մոտ ապագայում վարչական ապարատի ուռճացումը կհասնի մեծ չափերի, հետևաբար պարգևավճարների տեսքով պետբյուջեի թալանը, նախկին փոխոստիկանապետի պնդմամբ, կշարունակվի։
Կառավարությունում կադրային փոփոխություններ են արվում. ազատումներ և նշանակումներ
Անդրադառնալով ոլորտի վերջին նշանակումներին` Համբարձումյանն ընդգծեց, որ ներկա պայմաններում ինստիտուցիոնալ կադրային քաղաքականություն չի կարող իրականացվել, քանի որ անձերով պայմանավորված նշանակումների հիմքում կա մեկ չափանիշ՝ որքան է տվյալ անձը նվիրված ու հավատարիմ երկրի ղեկավարին։
«Կադրային բոլոր նշանակումները, կապ չունի՝ ոստիկանությունում, թե այլ բնագավառում, կատարվում են նույն սկզբունքով»,– ասաց Համբարձումյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ներքին գործերի նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։